Литмир - Электронная Библиотека

Տղան լուռ էր։ երկար քայլեցին՝ ջրերի ճողփյունը ականջներում։ Ալիքները շարունակ խշշում էին։

Կինը նայեց ժամացույցին։

–Ուշ է,– շշնջաց նա։ -Գնանք… Հիմա կինոյից տուն կգան, պետք է ընթրիք տալ նրան…

Տղան նայեց նրան։

–Մի վիրավորվիր… Նրան ո՞վ պիտի ընթրիք տա։

Նա մոլեգնորեն նորից գրկեց կնոջը, համբուրեց նրա տաք, անհնազանդ շուրթերը։

Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր.

''Ես խելացնոր կերպով սիրում եմ քեզ''։ Մազերը կարգի բերելիս, կինը տեսավ , որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը։

–Ամեն ինչ այսպես է,– տխուր ասաց կինը,– Կա ու չկա։– Հետո նայեց դեպի ծովը։ Ծովը խաղաղ էր, հանդարտ։ Նայեց ժայռակերպ սալ քարերին, հայացքով չափեց ծովափը, նայեց ժայռերին։ Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից։ Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։

Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։

Տղան նայում էր սև չղջիկներին և մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ երևի ինչ-որ շատ հեռու արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից անդին, և հանդարտ պտտվում էին կապտավուն ջրերի վրա։

–Դու հիմա քո ճայերի մասին ես մտածում,– ասաց կինը։

–…

– Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։

Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։

–Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա։– Դու իմ թուխ ճայն ես…

Տղան մտածում էր այն մասին, որ երբեմն հարկ է լինում բաժանվել նրանից, ում սրտանց սիրում ես, որրպեսզի առաջվա նման սիրես նրան:

Աջ ձեռքով գրկած կնոջը, նրանք բարձրացան բանուկ արահետով, իսկ երբ երևաց կանգառը, տղան ասաց

–Ես այստեղ կկանգնեմ, դու գնա, ծանոթներ կլինեն հանկարծ։– Տղան մատները քսեց կնոջ շուրթերին։– Մնաս բարով։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք-երբեք։

–Ես նույնպես։ Ես նույնպես չեմ մոռանա: Ես չեմ կարող մոռանալ, եթե նույնիսկ ուզենամ: Եթե նույնիսկ շատ ուզենամ: Աստված իմ, ամեն ոք կարող է տեսնել ինչ տեսք ունես, բայց ամեն ոք չէ, որ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում: Հավատա, լինում են րոպեներ, որ ապրել չես ուզում, այլ ուզում ես թախծել, միայն թախծել ու լալ, Ինչո՞ւ ես սիրեցի քեզ, ասա, ինչո՞ւ եմ սիրում,– կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին արցունքով։– Ասա ինձ, ո՞ւմ համար է անտանելի ծանր՝ նրա՞, ով հեռանում է, թե նրա՞, որից հեռանում են:

– Նրա, ով խենթորեն սիրում է:

– Ես հեռանում եմ: Ինձ համար անչափ ծանր է, որովհետև խենթորեն սիրում եմ քեզ… Ապրիր և հիշիր։– Նա սեղմվեց տղային: Կինը չէր ուզում նրանից պոկվել։– Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու…– Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները։ -Գիտե՞ս, ամենից սարսափելին ոչ թե անփոխադարձ սերն է, այլ երբ այն փոխադարձ է, բայց դուք միասին չեք:

Հեռվում երևաց ավտոբուսը։

–Մի անգամ էլ հանդիպենք և վերջ,– հանկարծ ասաց կինը։

Տղան լուռ էր։

– Միայն մի անգամ։

–Լավ,– ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. ''Ոչ'', բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ ''Լավ''։

Կինը նայեց նրան լուսաշող աչքերով, շրջվեց, գնաց դեպի կանգառ։ ճանապարհին շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։ Նա երևի ժպտաց մթան մեջ։

Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։

Ներքևում, ժազռաբեկորներից այն կողմ, երևում էր ծովը։ Ծովն ասես համատարած սև ցել էր, և լուսինը շողշողուն արահետ էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ արահետն ու գնաս, գնաս դեպի այնտեղ, ուր ոսկեզօծ արևի ներքո ճվում, ճախրում են ճերմակաթև ճայերը…

=================

ԷՍՍԵ

Է Ն Լ Ո Ռ ՈՒ Ձ Ո Ր Ն Է …

Ուղիղ քառասուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հարությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, իմ հայրենի գյուղ՝ Չլդրան, այնտեղից Շահումյանով, Գետաշենով, Գյոգ-գյոլով, Խանլարով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհաննես Թումանյանը։

Քառասուն տարի է անցել այդ օրվանից, ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց սրտառուչ պատմությունները մեծ բանաստեղծի մասին։ Այդ հին, անրջական օրերից այս գրառումներն են մնացել սոսկ՝ դեղնած, խունացած թղթերի վրա:

Լ.Ա.

Սանկտ–Պետերբուրգ

2008թ.

…Երբ դանդաղ ելավ, սահեց Մոսկվա-Երևան ճեպընթացը, Քոլագերան կայարանի միակ մայթին մնացինք ես, տասնութամյա իմ ուղեկցուհի Ռիման՝ բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի, և կայարանի կարմիր գլխարկավոր սլաքավարը։

–Ամոթ չըլի հարցնելը, էդ ո՞ւր եք գնում,– ծոր տալով հարցրեց սլաքավարը։

–Դսեղ,-ասացի ես։-Հեռո՞ւ է

–Նայած։ Եթե սպասեք լուսանա՝ մոտիկա, այսինքս՝ կարաք մաշինով գնաք. ժամը տասնմեկին ալաբաշը գնումա։ Թե չէ, դուք գիտեք. հրե՜ն կածանը , էսպես դիք որ գնաք, երեք-չորս կիլոմետր կըլի։

Եվ հիմա քարքարոտ, նեղ կածանը մեզ քաշելով տանում է։ Իսկ ամենուր սև մութ է, անտառները լուռ են, ձորերը ամպերի տակ խոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը, և այս շուրջ բոլոր լռության, այս մութ խավարի մեջ Դեբեդն է միայն վշշում։

Քայլում էինք մթան մեջ սպիտակին տվող կածանով և լավ էր, որ հատուկենտ աստղեր կային դեռ, լավ էր, որ կիսալուսինը կողքի ընկած գնում էր երկնքով, թե չէ ճանապարհը չէր երևա, իսկ այդ ճանապարհը ժայռերի վրայով էր անցնում, ներքևում ձորեր են՝ անդնդախոր, մթին։

Մենք չգիտեինք ճանապարհը, կածանի տուտը բռնած գնում էինք, և մեզ ուղեկցողը աստղերն էին, կիսատ լուսինն էր և Թումանյանը. որովհետև անհնարին է, որ լինես այս ձորերում ու հոգուդ չիշխի մեծ բանաստեղծը, քեզ հետ չլինի նա, չլցվես նրանով, չմտածես, որ այս կածանով հազար անգամ անցել է նա։

Լուսանում էր արդեն, երբ հասանք լեռան կատարը ու ետ նայեցինք. ներքևում Լոռու ձորն էր, պատմական Տաշիրքի հրաշք ձորը, ուր Դեբեդը ''սգում էր մենակ խավար անդնդում''։

Մենք լսում էինք նրա միալար վշշոցը, որ մեկ կտրվում ու նորից լսվում էր։

Թումանյանը նստել է այս դարավանդին, նայել է դեպի Լոռու ձորը, սիրտը ցավել է, երբ տեսել է, որ քանդում են ձորերը, երկաթուղի են գցում. ''…ձորերին մտիկ եմ անում, որ են քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտումա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն ու մարդ կարենա ոչ թե օգնի…''։ Հետո ձորերով եկել՝ ո՜ւ…ո՜ւ…ո՜ւ…, սուլելով անցել է Թիֆլիս-Ղարս գնացքը, մարդիկ ծաղիկներ են նետել շոքեքարշի անիվների տակ, գնացել գյուղերում պատմել են. ''…մի անասելի սև ջանավար է, մեկ միլիոն ձիու ուժ ունի, բերանը Արփաչայից էլ լեն է, ծուխ կհանե հազար պապիրոսի չափ''։ Շո– գեքարշի սուլոցից խրտնել, անդնդախոր ձորերում ու կիրճերում կորել են պախրան ու կխտարը. ''…եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, էլ կխտար չմնաց, փախան կորան…''։ Այստեղ, այս աստվածանիստ բարձունքին նստած տեսել է, թե ինչպես են ''ամպերը դանդաղ ուղտերի նման'' ձորից ջուր խմած բարձրանում։ Ամպերը անցել են և երկնի կապույտի մեջ խրված երևացել են լեռները. ''…բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դուք՝ մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…''։ Հետո, դեռ պատանի, դեռ տասնութը չլրացած, այս բարձունքից նայել է հայրենի Դսեղին, որ մի քանի հարյուր մետրի վրա է, նայել է իր տխուր Դսեղին ու աշխարհին պատմել.

Մեր գյուղն էն է, որ հպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափի

Ձեռը տված ճակատի

Միտք է անում տխրադեմ.

Ինչ է ուզում՝ չգիտեմ…

Ինչ-որ մեկը ձիու կապը բռնած գալիս է մեր կողմը։ Ծեր մարդ է, մոտեցավ ''բարի լույս'' ասաց ու սկսեց ուշադիր նայել.

–Ճանաչեցի ոչ,-վերջապես ասաց նա։

–Տեղացի չենք։

–Ո՞ւմ տունն եք գնում,– նորից խոսեց ծերունին։

–Թումանյանի։

Ինձ թվաց, թե սխալ արտահայտվեցի, բայց մարդը բոլորովին չզարմացավ։

–Կարելի ա ,– ասաց նա։– Ուրեմն Օհաննեսի տունն եք գնում,– նա քիչ լռեց, ավելացրեց.-Օհաննեսն ասում էր մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց։

3
{"b":"613383","o":1}